Եկեղեցիներ

Սուրբ Մարինե


Սուրբ Մարինե եկեղեցին գտնվում է Աշտարակում և կառուցվել է 1281թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 -ին կառուցվել է զանգակատունը: Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր): Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ: Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը: Սուրբ Մարինեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով:


Սուրբ Գևորգ 

 

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ, հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող՝ Գառնահովիտ գյուղի Ս. Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավական լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ:
Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկը աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ: Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները: Ս. Գևորգ եկեղեցին նմանատիպ կառույցներից առանձնանում է ճարտարապետական և շինարարական ինքնատիպ լուծումներով և մանրամասերի շեշտված յուրօրինակությամբ:


Սուրբ Սարգիս

Սուրբ Սարգիս մայր եկեղեցի (Երևան)
Երևանի երբեմնի բերդի դիմաց, Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում՝ Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ շրջանից գործում էր մի վանք-անապատ։ Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր՝ բաղկացած Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից։ Սուրբ Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ։ Սբ. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում՝ եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705)։ Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի օրոք այն հիմնովին նորոգվեց ու բարեկարգվեց։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի` 1972 թվականի կազմած նախագծով սկսվեց Սբ. Սարգիս եկեղեցու նորոգումը։ Եկեղեցու հին շենքը պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիինարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է ճարտարապետ Ա. Գալիկյանը։
 1971-1976թվականներին եկեղեցին հիմնովին բարեկարգվել է, արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն։ Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով։ 2000 թ. ավարտվել է Սբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը։ Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են։ Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել։ Սբ. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումը կատարվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976 թ. նոյեմբերի 3-ին։ Վեհափառ հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»։

Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցի


Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1301թ. քրիստոնեությունը Հայաստանում,որպես պետական կրոն հռչակաման 1000 ամյակի առթիվ:Այն կառուցել է Ազիզբեկ Իշխանը` իր կնոջ Վախախի երազի հիման վրա: Եկեղեցին կոչվում է դամբարան եկեղեցի, որովհետև այստեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին: Այն ունի երկու հարկ: Եկեղեցու ճակատների սյուժետային պատկերաքանդակներն են` Արևելյան ճակատին քանդակված է խաչ, որի ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներն են: Հյուսիսային ճակատին քանդակված է արծիվ` ճանկած ավանակին: Արևմտյան ճակատին քանդակված է հովազ, որը ոտնատակ է արել այծին: Հարավային ճակատին քանդակված է քարայծի պատկերը: Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է Մոմիկ Վարդապետի կառուցած Նորավանքին:
Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն, Սբ. Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին: Ի տարբերություն Նորավանքի, Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով,որտեղ մասնակցել են Սուրբ պատարագին: 2008-թին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի: Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերեվեց 7-րդ դարի եկեղեցի իր խլանիստ հիմքերով: Ինչպես նաև լավաշ թխելու թոնիր, գերեզմանաքարեր, տապանաքարեր, ջարդված խաչքարեր, քիվեր 13-րդ և 14-րդ դարերի: Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ թոնիր, որտեղ պահել են ժամանակին մթերք և գինի (սառնարան): Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեց իշխանական տոհմի գերեզմանաքարեր: Եկեղեցին վերանորոգվել է վերջնական 1960-ական թվականներին: Փոխվել է գմբեթի սյուները և ամրացվել: 1905-թվականին, երբ Եղվարդ գյուղը մեծացել է, եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ: 1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին: Այսօր եկեղեցին գործում է:Եկեղեցու հոգևոր սպասավորն է Տեր Հովնան քահանա Մաթևոսյանը: Եղվարդցիների համար եկեղեցու տարածքը դարձել է խաղաղ և հաճելի հանգստի վայր:

Կանաչ Ժամ եկեղեցի

Կանաչ Ժամ եկեղեցի կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, կանգուն հայկական եկեղեցի է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Շուշիի շրջաի Շուշի քաղաքում։ Անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Համաձայն շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը։ Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով, խաչաձև հատակագծով։ Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատապատը կիսակլոր է։ Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։ Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում։ Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։ Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ, որմնամույթերով որոշ չափով առանձնացված է նրանից։ Դրանով ավելի է ընդգծվում դեպի աղոթասրահը տանող շքամուտքի հանդիսավորությունը։ Եկեղեցին որմնամույթերով ևս բաժանված է երկու սրահի։ Առաջին սրահն ունի երդիկավոր գլխատներին հատուկ գոցվող թաղ, իսկ երկրորդ՝ ուղղանկյուն սրահի շքեղ, սրբատաշ որմնամույթերի վրա բարձրանում է շրջանաձև գմբեթը։
 Կանաչ ժամի մեջ ուշագրավ են գոցվող թաղերը, հայկական եկեղեցիների գմբեթների համար անսովոր որոշ տարրերը՝ անհամեմատ մեծ բացվածքները, բեմատակն իջեցված ավանդատները, արևելյան կիսակլոր ճակատապատը։ Գմբեթների ճարտարապետական նորամուծությունները նույնպես հարստացրել և առավել նշանակալի են դարձրել եկեղեցու  գեղարվեստական արժանիքը։ Եթե դրան ավելացվի բարձր, կանաչապատ տեղանքը, սրբաշ և կոպտատաշ քարերից խնամքով իրականացված եկեղեցու կաթնագույն տեսքը, ապա դժվար չէ կռահել, որ հուշարձանն ունի քաղաքաշինական տեսակետից որոշակի կազմակերպող դեր։ Կանաչ ժամը լավ է դիտվում քաղաքի գրեթե բոլոր բնակելի թաղամասերից։ Այդ հանգամանքն իր որոշակի ազդեցությունն է թողել պաշտամունքային կառուցվածքի վրա՝ թելադրելով եկեղեցու և զանգակատան հստակ ուրվագծվող գմբեթային լուծում։ Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը, որի շրջապատում գտնվում էին առողջարաններ, հանգստյան տներ, ադրբեջանցիների կողմից վեր էր ածվել հանքային ջրերի ընպելասրահի։ Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր։ Մասնավորապես, բեմի վրա տեղադրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել և նրանց փոխարեն նոր՝ հուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հյուսիսային ճակատում, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի  գոգատակի պատը։ Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը։ Եկեղեցին գործում է 1995 թ.: Վերջին տարիներին վերանորոգվել է։

 Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի


Այս եկեղեցուն կից մատուռում է ամփոփված Քրիստոսի 72 առաքյալներից մեկի՝ Սուրբ Անանիայի սրբասուն մասունքները (Գործք 9։1-22)։ Երևանի հնագույն եկեղեցիներից է։ Սկզբում կոչվել է Սուրբ Աստվածածին, այնուհետև վերանվանվել Սուրբ Զորավոր Աստվածածին, քանի որ այնտեղ է պահվել հրաշագործ «Զորավոր» ավետարանը։ Եկեղեցին հին Երևանի Շահար թաղամասում էր։ Եկեղեցում է գտնվում Սուրբ Անանիա առաքյալի մատուռ - դամբարանը, որը նշանավոր սրբավայր էր համարվում։ Երևանցիների նյութական օժանդակությամբ Մովսես Սյունեցի վարդապետը կառուցել է վանքային համալիր՝ բաղկացած եկեղեցուց, մատուռից, միաբանական խցերից, առաջնորդարանից և պարսպապատել։ Այստեղ հիմնվել է անապատ և վանական դպրոց։ Այս վանքում Մովսես վարդապետը ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ 1620 թվականին օծվում է որպես Ամենայն Հայոց Հայրապետ։ Վանքը կառուցվել է Փիլիպոս կաթողիկոսի օրոք (1632-1635 թթ), սակայն նորակառույց վանքը նույնպես երկար չի գոյատևել. 1679 թ երկրաշարժի ժամանակ կործանվել է։ Այժմյան Սուրբ Զորավոր եկեղեցին կառուցվել է նույն տեղում 1693 թ՝ Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսի նվիրատվությամբ։
1793 թ արձանագրության մեջ նշված է, որ Ս. Զորավոր եկեղեցին նորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից՝ Ղուկաս կաթողիկոսի օրոք։ 17-18 րդ դարերում Սուրբ Անանիայի վանքը հռչակվում է որպես գրչության կենտրոն, որի մշակներից էին Զաքարե գրիչը, Եսայի սարկավագը, Մկրտիչ քահանան (1621 թ.), Ոսկան Երևանցին, Մինասը, Գրիգոր Երևանցին (1686 թ.) և Կիրակոս քահանան (1776 թ.)։ Այստեղ կրթություն է ստացել նաևՍիմեոն Երևանցի կաթողիկոսը։ 1679 թվականին ավերիչ երկրաշարժից վնասվեց վանքը, որի փլատակների տակ իր հավատավոր եղբայրների հետ զոհվեց համբավավոր վարդապետ, սուրբ Գեղարդի վանահայր Ստեփաննոսը։ Խորհրդային տարիներին, տարբեր նպատակների ծառայելուց հետո, Ս. Զորավոր եկեղեցին վերադարձվել է հավատացյալներին և սկսել է գործել։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ 1974-78 թթ եկեղեցին հիմնանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, երգչախմբի համար կառուցվել է վերնատուն ու երիցատան նոր շենք։ Նորոգվել է նաև Սուրբ Անանիա առաքյալի մատուռը։ Սուրբ Անանիայի մատուռը մեծ հռչակ է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ռուս և Ֆին ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների տարբեր համայնքներ պարբերաբար այցելում են Սուրբ Անանիայի մատուռ՝ այն համարելով կարևոր ուխտատեղի:


Սուրբ Հռիփսիմե եկեղեցի


Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։
Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: 1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։


Комментариев нет:

Отправить комментарий