Վանքեր

Հովհաննավանք

Վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ. Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ. Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:
Ս. Կարապետ բազիլիկ եկեղեցի -համալիրի հնագույն շինությունն է: Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է IV դ. սկզբին, երբ Գրիգոր Լուսավորիչը կառուցել է միանավ բազիլիկը: Եկեղեցու Ս. Կարապետ անվանումը կապվում է Հայաստանում քրիստոնեական առաջին եկեղեցիներից մեկը լինելու հանգամանքի հետ: Վերակառուցվել է 573 թ.` վանահայր Աշոտ Դվինեցին փայտե ծածկը փոխել է քարե թաղով: Վերակառուցման է ենթարկվել նաև 1652 թ.: Անաղարտ է պահպանվել արևմտյան ճակատը` պայտաձև կամարներով և արտաքին սյունասրահի որմնանկարներով: Արևելյան ճակատին` վերջին նորոգման ժամանակ, քանդակվել է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը` արծիվ (ճանկերում` աղավնի):
Ս. Կարապետ գլխավոր եկեղեցի -կից է միանավ բազիլիկ եկեղեցուն հարավային կողմից: Կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանը 1216-1221 թթ., շինարարությունը ավարտել է իր որդին` Քուրդը: Հատակագծում այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով գմբեթավոր սրահատիպ կառույց է, որտեղ անցումը գմբեթին իրականացվել է առագաստային փոխանցումով: Եկեղեցին արտաքուստ և ներքուստ շատ հարուստ է բազմաբնույթ, հյուսվածազարդ բարձրաքանդակներով ու պատկերաքանդակներով: Առավել ուշագրավ է շքամուտքի բարավորի պատկերաքանդակը, որը հարդարված է բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա գերիշխող «Իմաստուն և հիմար կույսերի» առակի բովանդակությամբ։ Գմբեթը և հարավային պատը քանդվել են 1918 թ. երկրաժարժից, վերականգնվել` 1990-ական թթ.: Խորանի աջ կողմում գտնվող ավանդատնից գաղտնուղի է իջել Քասաղ գետի ձորը:
Գավիթ-ժամատուն – կառուցել է Քուրդ Վաչուտյանը 1250 թ. գլխավոր եկեղեցուն և բազիլիկային արևմտյան կողմից կից: Ուղղանկյուն հատակագծով լայնարձակ կառույցը պատկանում է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթների տիպին: Ինչպես գլխավոր եկեղեցին, ժամատունը ևս աչքի է ընկնում բարձրաքանդակների ճոխությամբ: Ծածկը մասամբ իրականացված է շթաքարերով, մասամբ` խաչվող թաղերով և հարթ քարե առաստաղներով: Ծածկի կենտրոնական մասում զանգակատան 12-սյունանի ռոտոնդան է (հավանաբար կառուցվել է 1274 թ. նորոգման ժամանակ), որն եզակի է Հայաստանի նույնատիպ շինություններում և ունի ամենամեծ` 6,5 մ տրամագծով երդիկ: Գավիթի հյուսիսային և բազիլիկ եկեղեցու արևմտյան պատերին կից է տապանատունը:
Հուշասյուն կոթող – թվագրվում է VI դ., կանգնեցված է վանքից հարավարևմուտք: Կոթողի եռաստիճան հիմնապատվանդանն ու միակտոր քարե պատվանդանը բազմանիստ են, իսկ հյուշասյունը նույնպես բաղկացած է միակտոր քարից կերտված զույգ սյուներից, որոնք պսակվում են մեկ ընդհանուր խոյակով:
Թևավոր խաչքար – թվագրվում է վաղ միջնադարով և կանգնեցվել է խորանարդաձև պատվանդանի վրա: Քանդակազարդ մեծածավալ հիմքից բարձրացող ուղղաձիգ խաչաքանդակի հորիզոնական թևերի տակ` երկու կողմերին, քանդակված են երկուական բուսական զարդաքանդակներ, իսկ խաչաթևերը պատված են համատարած զարդանախշերով: 1629 թ. գավիթից հարավ կառուցվել է վանական համալիրի դպրոցի շենքը: Իսկ XVII-XVIII դդ. համալիրի հարավային պարսպապատին կից եղել է միաբանության երկհարկ շենքը (ինչպես այս, այնպես էլ դպրոցի շենքը չեն պահպանվել): Վանքը շրջապատված է եղել բուրգերով ուժեղացված պարսպով, որը XII դ. վերջին կառուցել էր Նանա թագուհին: Հովհաննավանքը նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից է: XVI դ. վերջերից Հովհաննավանքի դպրոցում ուսումնասիրվել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն։ Այս գրչօջախից մեզ հասած շուրջ 20 ձեռագրեր պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

Տեղերի վանք

Տեղերի վանական համալիրը գտնվում է Բյուրականից հյուսիս, Տեղեր գյուղում, անդնդախոր կիրճի աջափնյա եզրին: Ըստ գավթի արևմտյան մուտքի բարավորին պահպանված շինարարական արձանագրության`վանքը կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը` Մամախաթունը, 1213-1232 թթ.: Վանքի ճարտարապետն է Աղբայրիկ վարդպետը: Հուշարձանը կառուցվել է մոխրագույն բազալտ քարով: Միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից է: Բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց և գավթից:
Ս. Աստվածածին եկեղեցի -ըստ գմբեթի թմբուկի հարավայի նկողի վրա պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թ.: Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին: Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով:
Գավիթ-կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Ըստ գավթի հարավարևելյան սյան խոյակի վրա պահպանված արձանագրության` կառուցել է Աղբայրիկ ճարտարապետը 1221 թ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին: Գավիթն ուշագրավ է իր ծավալատարածական հորինվածքով և առանձնահատուկ տեղ է գրավում նույնատիպ գավիթների շարքում: Գավթի հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյունների տանիքի վրա տեղադրված են մատուռանման երկու փոքր եկեղեցիներ, որոնք արտաքուստ ուղղանկյուն, արևելյան կողմից փոքր խորանով կենտրոնագմբեթ կառույցներ են: Մատուռների մուտքը դեպի գավիթ տանիքից են: Աղբայրիկ ճարտարապետի այս ինքնատիպ լուծումը կառույցին տալիս է վեհ ու սլացիկ կերպարանք: Պաշտպանական նկատառումներից ելնելով`վանքը պարսպապատվել է: 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է: Վանքը մեծապես վնասվել է 1949 թ. երկրաշարժից: Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ.:

Սևանավանք

Սևանավանք, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ 305-ին, Սևանա լճի կղզում (այժմ՝ թերակղզի) և հեթանոսական մեհյանի տեղում կառուցել Ս. Հարություն եկեղեցին:
IX դ. Սևանի վանական կյանքի վերածնունդը կապված է ՍևանավանքՄաշտոց Եղիվարդեցի վարդապետի (ապագա կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցի) գործունեության հետ: Նա հիմնել է Ս. Առաքելոց միաբանությունը և 874-ին Իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու դուստր, Սյունիքի Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամի միջոցներով կառուցել Ս. Կարապետ և Ս. Առաքելոց եռախորան, խաչաձև գմբեթավոր եկեղեցիները (դրանք այն 30 եկեղեցիներից էին, որ իշխանուհին ուխտել էր կառուցել իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին): Հվ-արլ. անկյունում ավանդատնով Ս. Առաքելոց եկեղեցին ունի տրոմպային փոխանցումով կառուցված 8-նիստ թմբուկով գմբեթ, իսկ Ս. Աստվածածին եկեղեցին արլ.կողմում ունի երկու ավանդատներ, որոնցից հս-արլ. հավելվել է հետագայում: Արմ. կողմում կցվել է քառասյուն գավիթ, որը հնագույններից է (կանգուն է եղել մինչև 1930-ական թթ.): Գավթի սյուները պսակվել են հայկական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ փայտե քանդակազարդ խոյակներով (այժմ՝ ՀՊՊԹ-ում և ՍՊԲ Էրմիտաժում): Սևանավանքը առաջնորդվել է Բարսեղ
Կեսարացու համակեցության 9 կանոններով: Միաբանները զբաղվել են Սուրբ Գրքի ընթերցանությամբ և դրանց ընդօրինակությամբ: 874-ին Աշոտ Բագրատունին վանքին է նվիրաբերել 6 գյուղ, այգիներ Գառնիում և Երևանում:
Մաշտոց Ա Եղիվարդեցին բացել է դպրոց ու հարստացրել վանքի մատենադարանը: XV դ. Սևանավանքում Դանիել վարդապետը բացել է Սևանի վարդապետարանը: XVII դ. համահայկականՍ. Առաքելոց եկեղեցի անապատական կյանքի վերածննդի տարիներին Սևանավանքը գործել է որպես անապատ, որտեղ բացի Բարսեղ Կեսարացու համակեցության կանոններից կիրառվել են նաև Սարգիս Սաղմոսավանեցու կազմած 7 կանոնները: Միաբաններն ուսումնասիրել են նաև արտաքին գիտությունները (փիլիսոփայություն, քերականություն, տոմար):
XVII դ. կեսին թիֆլիսցի Չիթաղյան եղբայրների միջոցներով վերանորոգվել են միաբանության եկեղեցիները: XVII դ. կղզու արմ. ստորոտին կառուցվել է Ս. Աստվածածին բազիլիկ եկեղեցին: Սևանավանքում ապրել ու գործել են կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, կաթողիկոս ու պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցին, 1692-ից, երկու տարի միաբանությունում է մնացել Մխիթար Սեբաստացին: 1825-ին Սևանավանքում Զաքարիա Գուլասպյան Տփխիսեցին վանքի առաջնորդ Սարգիս վարդապետի պատվերով գրել է Սևանավանքին նվիրված առաջին մենագրությունը:

Հաղարծնի վանք

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա: Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։ Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է ) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Մակարավանք

X-XIII դդ. դարերի Մակարավանք վանական համալիրը գտնվում է Աչաջուր գյուղից 3 կմ հարավարևմուտք, Պայտաթափ լեռան լանջին: Համալիրը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, գավիթից և 2-րդ հնագույն եկեղեցուց:
Գլխավոր եկեղեցի – ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածք ունի` կառուցված վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով (հյուսիսարևմտյան խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան)։ Հարավային և արևելյան ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով (հյուսիսային պատի խորշերը ծածկվել են ավելի ուշ կառուցված գավթի ծավալով), գմբեթի (ծածկը քանդված է) կլոր թմբուկը զարդարված է զույգ կիսասյուների դեկորատիվ կամարաշարով։ Արևմտյան ճակատը ունի ճոխ զարդաձևերով շքամուտք, որի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է։ Գրեթե նույն ձևավորումն ունի գավթի մեջ բացվող հյուսիսային շքամուտքը։ Եկեղեցու հարավային պատի լուսամուտի տակ` ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակ է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ։ Եկեղեցու լուսավոր և ընդարձակ դահլիճում, խիստ տպավորիչ է ինքնատիպ լուծումով խորանի հարդարանքը։ Խորանի կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով` միմյանցից բաժանված կամարակապ զույգ որմնասյուներով։
Բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունիների մեջ ներառված հարթաքանդակներով: Այստեղ հանդիպում են հուշկապարիկների, կենդանական և բուսական  զարդամոտիվներով հյուսկեն քանդակներ, աստվածաշնչյան թեմայով (Հովհանը կետի երախում) հարթաքանդակ և այլն:
Առկա է նաև գավթի կառուցող Վաչե ԱՎաչուտյանի զինանշանը` զույգ արծիվների պատկերով։ Մակարավանքի ձկան քանդակներն իրենց պլաստիկայով և կատարման ռեալիստական ոճով ուշագրավ են միջնադարյան հայ արվեստում։ Աստղերից մեկի վրա կերտված է գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի ( քանդակագործի) դիմաքանդակը և նրա անունը`«Երիտասարդ»։
Գավիթ - 1207  թ-ին կառուցել է իշխանաց-իշխան Վաչե ԱՎաչուտյանը: Արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին: Այն գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Արևմտյան շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ։ Առանձնապես հարուստ է գավթի ներսի հարդարանքը։ Գմբեթի հիմքի սալերին կան գավթի շինարար վարպետների անունների սկզբնատառերը։
Երկրորդ  եկեղեցին (X-XI դդ.) – համալիրի հյուսիս-արևելքում է։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից շեշտված խաչաձև (բավական խոր թևերով) շինությունը հիմնականում կառուցված է կիսամշակ կարմրավուն տուֆի խոշոր քարերով, իսկ XIII դ. դարում վերակառուցված ծածկը և գմբեթը` նույն տուֆի սրբատաշ քարերով։ Հարդարանքի հիմնական տարրը բեմի ճակատի բուսական և երկրաչափական նուրբ զարդաքանդակներն են, որոնք ներառված են շեղանկյուն շրջանակների մեջ:
Նշխարատուն – գավթի և համալիրի հնագույն եկեղեցու հյուսիսարևելյան անկյունում պահպանվել են ուղղանկյուն հատակագծով, սպիտակավուն քարով շինված ( XIII դ.) պատերը։
Ս.Աստվածածին եկեղեցի – համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով կառուցված, ներքուստ խաչաձև (եռախորան, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածինը , որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը`1198 թ-ին։ Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտու վրա կան թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներ։ Եկեղեցուն հյուսիսից կից է փոքրիկ, կիսավեր, թաղածածկ մատուռ։ Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է   Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:

Մշկավանք

Մշկավանքը, կամ Մաշկավանքը, գտնվում է Տավուշի մարզի Կողբ գյուղից ոչ հեռու, բարձրադիր սարահարթի վրա: Մինչ օրերս պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և արևմուտքից կից գավիթը: Պատմական աղբյուրներում եկեղեցու կառուցման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան: Առաջին անգամ այն հիշատակվում է 1219թ.:
  Քառակուսի հատակագծով եկեղեցին իրենից ներկայացնում միանավ դահլիճ կիսագլանային թաղով: Խորանի կիսակլոր ապսիդից աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկ ավանդատները: Բեմի ճակատային մասը պատված է կամարիկներով, որոնց խորությունում կարելի է տեսնել ֆելզիտից քառաթև, հնգաթև և վեցաթև աստղեր: Ավագ խորանի պատուհանից վեր, արևելյան ճակատին, ոճավորված խաչ է փորագրված, որի վերին թևում ցուլի գլուխ է պատկերված: Եկեղեցին գավթի հետ կապող միակ մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Գավիթը կենտրոնակազմ անսյուն շինություն է փոխհատվող զույգ կամարներով: Արևմտյան մասում գտնվող մուտքը երիզված է շրջանակով, զարդարված բազմագույն ձևավոր քարերով: Բարավորի մասը պատված է խաչերով և ութաթև աստղերով: Մշկավանքում կան մեծ քանակությամբ խաչքարեր և վիմական արձանագրություն: Նրա շուրջը գտնվում է միջնադարյան գերեզմանատունը, որի արևմտյան մասում մատուռ կա: Մշկավանքը վերանորոգվել է 1955-1960 թվականներին:


Արատեսի վանք

Արատեսի վանական համալիրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզի Արատես գյուղում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին:
Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:
Ս. Սիոն եկեղեցի – կառուցվել է X դ.: Միանավ թաղածածկ եկեղեցի է: ՈՒնի երեք ավանդատուն` խորանի 2 կողքերին և հյուսիսային պատին կից:
ՍԱստվածածին եկեղեցի – գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում: Կառուցված է XI դ.: Այն մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է:
Առաջին գավիթ – կառուցված է Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից: Սա համալիրի ամենաուշագրավ կառույցն է: Կառուցել է Սիրանես ճարտարապետը` 1270 թ.: Պատվիրատուներից և շինարարներից հիշատակվում են Հայրապետ աբեղան, Գրիգորիկը, Ստեփանոսը: Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով: Հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերն են ուղղված մեկական կիսակամար: Զույգ կամարների կենտրոնում, շրջագծային հիմքով շթաքարային գմբեթն է: Այժմ քանդված է:
Երկրորդ գավիթ – գտնվում է Ս. Սիոն և Ս. Աստվածածին եկեղեցիների միջև: Կառուցված է XIII դ.: Այն քառակուսի հատակագծով, արևելյան զույգ ավանդատներով կառույց է:
Մատուռներ /5 հատ/ – կառուցված են եկեղեցիների արանքներում:
      Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը:  Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար: 1959-1961 թթ. վերականգնվել է գավթի խաչվող կամարներից մեկը` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: 1988-1989 թթ. Հուշարձանների պահպանության վարչության կողմից ամբողջությամբ հաշվառվել, համարակալվել և չափագրվել են եկեղեցիների բազմաթիվ բեկորներ: Վերականգնման նպատակով կատարվել են նախագծման աշխատանքներ:


Սիսավանք

Սիսավանի Ս. Հովհաննես (հայտնի է նաեւ Սյունի Վանք) տաճարը կառուցել է 
7-րդ դարի վերջերին Սյունյաց Կոհազատ իշխանը, Հովսեփ Սյունյաց եպիսկոպոսի եւ Թեոդորոս վանականի օժանդակությամբ: Այն կենտրոնագմբեթ հուշարձան է:


Ամարասի վանք

Ամարասի վանքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում (պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառ): Համաձայն պատմաբան Փավստոս Բուզանդի` վանքի առաջին եկեղեցին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դարի սկզբում: Եկեղեցու շինարարությունն ավարտին է հասել նրա թոռան` եպիսկոպոս Գրիգորիսի օրոք: Նա նահատակվել է 338թ.` Աղվանքում քրիստոնեությունը տարածելիս, և թաղվել Ամարասում: V դարի սկզբում Մեսրոպ Մաշտոցը բացել է Ամարասում առաջին հայկական դպրոցը, ինչը հիմք դրեց հայկական մատենագրության տարածմանը: Այդ ժամանակվանից սկսած Ամարասը Հայաստանի ամենախոշոր կրոնական և մշակութային կենտրոններից դարձավ: 489թ. Աղվանքի թագավոր Վաչագան III Բարեպաշտը գտել է Գրիգորիսի գերեզմանը, վրան մատուռ կառուցել, ապա վերականգնել վանքի եկեղեցին:
Իր երկար պատմության ընթացքում Ամարասի վանքը բազմիցս անգամ կողոպտվել և ավերվել է արաբական և մոնղոլական ասպատակությունների ժամանակ, այդ թվում Լենք-Թեմուրի գլխավորած մոնղոլ-թաթարական հորդաների ներխուժման ժամանակ (1387թ.): Ասպատակություններից մեկի ժամանակ վանքը զրկվեց իր անգին գանձերից, այդ թվում Սուրբ Գրիգորիսի գավազանից և 36 թանկարժեք քարերով զարդարված ոսկեձույլ խաչից: Սակայն Ամարասն ամեն անգամ վերականգվել է, իսկ վանքային դպրոցը երբեք չի դադարել գործել: Վանքն ամբողջովին վերակառուցվեց Գանձասարի Պետրոս կաթողիկոսի օրոք XVI դարի երկրորդ կեսին: Երբ Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսաստանին (XIXդ.), Ամարասը` ունենալով բավականին ուժեղ պաշտպանական համակարգ, ծառայել էր որպես ամրոց: Դեռ XVIII դարում Վարանդայի մելիք Շահնազար II հարթավայրում գտնվող վանքը անառիկ դարձնելու նպատակով նրա շուրջը բավականին բարձր պատեր կառուցեց առանց որևէ անցքերի: Վանքի պատերի չորս անկյուններում կլոր աշտարակներ կառուցվեցին: Միակ մուտքը գտնվում էր հարավ-արևելյան մասում: Այստեղ էր գտնվում վանքի տնտեսական բակը երկաստիճան ամրությունների համակարգով:
Երբ Ամարասը նորից վերադարձվեց Հայ Առաքելական Եկեղեցուն (1848թ.), նրա եկեղեցին կիսաքանդ վիճակում էր: Նրա տեղը 1858թ. նոր եկեղեցի կառուցվեց Շուշիի հայերի նյութական օժանդակությամբ: 1898թ. Սուրբ Գրիգորիսի դամբարանում դրվեց տապանաքար, որի հեղինակն էր Շուշիի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը:
Ամարասը, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձաններ, տուժել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի նպատակասլաց հրետակոծություններից: Երբ վանքն անցավ ադրբեջանական զորքերի տիրապետության տակ, ավերվեց Սուրբ Գրիգորիսի դամբարանը: Հետագայում Ամարասը վերադարձվեց Հայկական Առաքելական եկեղեցուն: Այդ ժամանակ էլ սկսվեցին վանքի վերականգնողական աշխատանքները: Եկեղեցու սկզբնական ճարտարապետական հորինվածքը, ինչպես նաև մի շարք հնագույն արձանագրություններ, չեն պահպանվել բազմաթիվ ավերվածությունների և հետագա վերակառուցումների պատճառով: Վերջին վերակառուցման ժամանակ (1858թ.) օգտագործվել է սպիտակ սրբատաշ ֆելզիտ: Իր հորինվածքով եկեղեցին եռանավ բազիլիկ է: Երկու զույգ խաչաձև սյուները բաժանում են աղոթատունը երեք նավի: Եկեղեցու բեմի տակ է գտնվում նրա հիմնական սրբությունը` Սուրբ Գրիգորիսի դամբարանը: Դամբարանի պատերին երկրաչափական և բուսական զարդանկարներ կան, ինչը բնորոշ է վաղ միջնադարի հայ արվեստին:


Комментариев нет:

Отправить комментарий